Գազի փոխարկիչ

Untitled-1Նախագծի նախաձեռնողն է «Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամը»: Հիմնադրամը 1991 թվականին ստեղծված «Նոյյան Տապան» Հոլդինգի խմբի անդամ է (Երեւան, Հայաստան): Հիմնադրամի տնօրենն է «Նոյյան Տապան» Հոլդինգի հիմնադիր եւ նախագահ, փ.գ.թ. Տիգրան Հարությունյանը:

• Նախագծի նպատակն է Հիմնադրամի ստեղծած բնական գազի խնայողության նպատակով ստեղծված հատուկ փոխարկիչ սարքավորումների պատրաստումը, հետագա մշակումը եւ իրացումը, նման սարքավորումների զանգվածային արտադրությամբ գբաղվող գործարանի ստեղծումը:

• Մեր նախագիծը ենթադրում է պատրաստել եւ գործարկել նոր սկզբունքով աշխատող բնական գազի փոխարկիչ սարք, որը հնարավորություն կտա իրականացնել այրվող բնական գազի առնվազն 40 տոկոս խնայողություն, ինչպես նաեւ էապես կրճատել բնական գազի այրման արդյունքում առաջացող վնասակար արտանետումները: Ակնհայտ է, որ ջերմային էներգիա ստանալուն ուղղված ծախսերի կրճատումը ձեռնտու է բոլորի համար, բայց այդ հարցում առաջին հերթին շահագրգռված են խոշոր ծավալներով բնական գազ սպառողները: Մեր նախագծի շահառուներն են առաջին հերթին հենց բնական գազ օգտագործող խոշոր սպառողները, այդ թվում բնական գազի վառարաններ օգտագործող ադյունաբերական ձեռնարկությունները, թաղամասերի բազմաբնակարանային շենքերի, դպրոց-մանկապարտեզների կաթսայատները, ջերմոցային տնտեսությունները եւ այլն: Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տնտեսավարողների ճնշող մեծամասնությունը պատրաստակամ է խելամիտ գների դեպքում ձեռք բերել նման խնայող սարքավորումներ, քանի որ այդ սարքավորումների օգտագործումը էապես կկրճատի ջերմային էներգիա ստանալուն ուղղված նրանց ծախսերը, ինչը կիջեցնի արտադրվող տարբեր ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը: Այդ առումով դրական դեր է կատարում նաեւ այն հանգամանքը, որ այս սարքերի շահագործման անվտանգության կանոնները նույնն են, ինչ որ բնական գազով աշխատող ցանկացած այլ սարքերինը, իսկ փոխարկված գազը օգտագործելի է բնական գազի համար նախատեսված բոլոր սարքավորումներում, եւ նոր տիպի սարքավորումների կարիք չունի:

• Մեր ռազմավարությունն է պատրաստել եւ տեղադրել մեկ սարք ռեալ աշխատանքային պայմաններում, ապա մարքետինգային աշխատանքների միջոցով ավելացնել դրանց արտադրությունը եւ կազմակերպել սարքերի վաճառքը: Այս ռազմավարությունը կհանգեցնի նրան, որ մեկ տարվա ընթացքում մենք կհասնենք ինքնաֆինանսավորման եւ շահույթների:

ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Այլընտրանքային էներգետիկան համաշխարհային տնտեսության մեջ տարեցտարի սկսում է ավելի ու ավելի մեծ դեր խաղալ: Աշխարհում էներգիայի սպառման ցուցանիշի անշեղորեն աճը նպաստում է այլընտրանքային էներգետիկայի նախագծերի, այդ թվում ավանդական էներգակիրների օգտակարության աստիճանը մեծացնելու եղանակով նրանց խնայողական օգտագործմանը:
Գիտատեխնիկական ինովացիոն բնույթի և մաքուր տեխնոլոգիաների կիրառումը խիստ կարևոր է ցանկացած երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մրցունակության ապահովման համար՝ առավել ևս եթե այն վերաբերում է էներգախնայողությանը: Առաջարկվող նորարարության ներդրումը ուղղված է էներգակիրների և ռեսուրսների սակավության ադապտացմանը և դրանցից կախվածության հաղթահարմանը:

Էներգակիրների արժեքը սովորաբար էական ազդեցություն ունի ողջ տնտեսության վիճակի վրա: Հայաստանում եւ ոչ միայն այստեղ բնական գազի արժեքը բավականին բարձր է եւ խանգարում է տնտեսության զարգացմանը: Այս խնդիրների հաղթահարման նպատակով առաջարկվում է պատրաստել եւ գործարկել նոր սկզբունքով աշխատող բնական գազի փոխարկիչ սարք, որը հնարավորություն կտա իրականացնել այրվող բնական գազի առնվազն 40 տոկոս խնայողություն, ինչպես նաեւ էապես կրճատել բնական գազի այրման արդյունքում առաջացող վնասակար արտանետումները: Առաջարկվող նորարարության ներդրումը կտրուկ կիջեցնի բնական գազին հատկացվող ծախսերը, նպաստելով տնտեսության զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և աղքատության հաղթահարմանը: Այն հատկապես կարևորվում է շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի գլոբալ փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցման, ինչպես նաև ջերմոցային գազերի կրճատման և էներգախնայողության տեսանկյունից:

Սարքը նախատեսված է բնական գազ օգտագործող խոշոր սպառողների համար, այդ թվում բնական գազի վառարաններ օգտագործող ադյունաբերական ձեռնարկությունները, թաղամասերի բազմաբնակարանային շենքերի, դպրոց-մանկապարտեզների կաթսայատները, ջերմոցային տնտեսությունները եւ այլն, բոլոր նրանց համար, ովքեր օգտագործում են բնական գազի վառարաններ:

Սարքի օգտագործումը էապես կկրճատի ջերմային էներգիա ստանալուն ուղղված ծախսերը, ինչը կիջեցնի արտադրվող տաբեր ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը: Սարքի օգտագործման պարագայում էապես կրճատվում է նաեւ այրման ժամանակ շրջակա միջավայր արտանետվող վնասակար գազերի ծավալը:
Սարքի շահագործման անվտանգության կանոնները նույնն են, ինչ որ բնական գազով աշխատող ցանկացած այլ սարքինը:

ՆԱԽԱԳԾԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • • Հայաստանում հիմնադրել բնական գազը խնայող փոխարկիչ սարքավորումեր արտադրող գործարան` ստեղծելով Բաց բաժնետիրական ընկերություն, որի մեջ ներգրավված կլինեն հարյուր հազարավոր բաժնետերեր` այդ թվում նաեւ հայկական սփյուռքից:• Սույն նախագծի շրջանակներում հիմնած գործարանի արտադրած փոխարկիչ սարքավորումերի վաճառք:
    • փոխարկիչ սարքավորումերի արտադրության լիցենզիաների վաճառք՝ համապատասխան համաձայնագրերի հիման վրա
    • Ստացված պատվերների հիման վրա խոշոր փոխարկիչ սարքավորումերի /500-1500 ՄՎՏ/ պատրաստմանն ուղղված նախագծերի իրացում ամբողջ աշխարհում՝:

    ՆԱԽԱԳԾԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

    • Արտադրության տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն
    • Արտադրողականությունը՝ սկսած նախագծի իրագործման սկզբից՝ 200 սարքավորում տարեկան (200 մեգավատ գումարային հզորությամբ)
    • Նոմինալ արտադրողականություն՝ 1 000 սարքավորում տարեկան
    • Սարքավորումների արժեքը հաշվարկվում է ելնելով հզորությունից՝ $50 1 ԿՎ արտադրվող ջերմային էներգիայի համար: Նախատեսվում է տարբեր հզորությունների սարքավորումների արտադրություն:
    • Լիցենզիոն համաձայնագրի արժեքն առայժմ որոշված չէ:

ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Untitled-2Առաջարկվող Փոխարկիչը  նմանակը առայժմ չունեցող  մի սարք է, որում մեթանը (բնական գազ) ջրային գոլորշու հետ միասին փոխարկվում է այրվող գազերի միախառնուրդի:  Ջրային գոլորշուց՝  հատուկ ցածր ջերմաստիճանային տիրույթում ակտիվացող կատալիզատորի օգնությամբ  անջատվում է  ջրածին (ինչը հանդիսանում է այս սարքում մեր թիմի կողմից կիրառված  նորարարություններից մեկը), որի միջոցով  մեթանը ենթարկվում է փոխարկման եւ խառնվելով  դառնում է էներգիայի լրացուցիչ աղբյուր:  Դա իր հերթին հնարավորություն է տալիս նույն քանակի  ջերմային էներգիայի ստացման համար առնվազն 40 տոկոսով կրճատել մեթանի ծախսը:

Փոխարկիչում օգտագոծվող կատալիզատորը չի պարունակում թունավոր նյութեր, անվտանգ է,  չունի աշխատանքային ժամանակի  սահմանափակում, պարզապես յուրաքանչյուր  10 000 ժամ աշխատելուց հետո պետք է ենթարկվի ջերմային մաքրման:

Ինչպես արդեն նշեցինք, մեր կողմից առաջարկվող սարքը աշխատում է  ջրածնի ստացման նոր եղանակի օգտագործման հիման վրա: Նախագծում օգտագործվում է հատուկ Կատալիզատորի օգնությամբ ջերմաքիմիական ռեակցիաների արդյունքում ջրածնի ստացման դեռեւս քիչ հետազոտված, քիչ հայտնի եւ ոչ ծախսատար  տեխնոլոգիա, ինչը հնարավորություն է տալիս հետագա մշակումներից հետո անհամեմատ բարձրացնել նման սարքերի արդյունավետությունը:

Սարքի շահագործման անվտանգության կանոնները նույն են, ինր որ  բնական գազով աշխատող ցանկացած այլ սարքինը: Փոխարկված գազը օգտագործելի է բնական գազի համար նախատեսված բոլոր սարքավորումներում, եւ նոր տիպի սարքավորումների կարիք չունի:

Մեր կողմից առաջարկվող փոխարկիչ սարքերի հզորությունը կարող է տատանվել 200  կիլովատից մինչեւ մի քանի  տասնյակ մեգավատներ, ինչը խիստ ընդլայնում է  նման սարքերի օգտագործման տիրույթը:

Հիմնադրամի ուժերով պատրաստվել է փոխարկիչ սարքավորման  1000 ԿՎՏ/ժամ ջերմային հզորություն ունեցող  սարքավորման փորձարարա-արտադրական գործող նմուշ:

Տեխնիկական տվյալներ

Փոխարկիչի կողմից սպասարկվող ջերմայինհզորությունը`    1000կիլովատ
Փոխարկիչի քաշը`  500 կգ
Մուտքում մեթան գազի քանակը` 55մ3/ժ
Ելքում փոխարկված գազերի քանակը 110 մ3/ժ
Օգտագործվող ջրի քանակությունը`   10 լ /ժ
Փոխարկիչի երկարությունը 1.3  մ
Փոխարկիչի լայնությունը 0.6մ
Փոխարկիչի  բարձրությունը 0.6մ

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Բնական գազի հետազոտված հայտնի պաշարները կազմում են մոտ 200 տրիլիոն խորանարդ մետր: Բնական գազի արդյունահանումն ու օգտագործումը տարեկան կազմում է 3.4 տրիլիոն խորանարդ մետր:Արդյունահանվող մեթանի հիմնական մասը /շուրջ 85%/ օգտագործվում է որպես վառելիք, այդ թվում էլեկտրոէներգիայի արտադրման համար, որը 2014 թ. տվյալներով, աշխարհում կազմել է 23127000 գիգավատ/ժամ:Ընդ որում, մեթանի նման քանակի այրման ժամանակ մթնոլորտ է արտանետվում վնասաբեր գազերի հսկայական զանգված, այդ թվում ավելի քան 40 մլրդ տոննա СО2 եւ մոտ 65 մլն տոննա NOx տարեկան:Այս պարագայում փոխարկիչ սարքերի օգտագործումը դառնում են շատ շահեկան ոչ միայն տնտեսապես, այլ նաեւ էկոլոգիական տեսանկյունից, քանի որ էապես կրճատվում է վնասաբեր արտանետումների քանակը:

Գազախնայող փոխարկիչ սարքավորումների կիրառմամբ էապես կրճատվում են  (առնվազն 40 տոկոս) ջերմային էներգիայի ստացման համար նախատեսված ծախսերը: Սարքում օգտագործվում է որոշակի ջրի քանակ, սակայն գազի արժեքի հետ համեմատած օգտագործվող ջրի արժեքն այնքան ցածր է, որ հաշվարկներում այն կարելի է անտեսել:

Մեր պոտենցիալ հաճախորդներն են բոլոր տիպի գործարաններն ու արտադրամասերը, ուր կիրառվում են մեծ հզորության ջերմային վառարաններ, գազային վառելիքով աշխատող ջերմաէլեկտրակայանները, դպրոցների, մանկապարտեզների, բազմաբնակարանային շենքերի եւ թաղամասերի կաթսայատները, սննդի արդյունաբերության ձեռնարկությունները եւ այլն:

Առայժմ մեր թիմը կարողանում է պատրաստել փոխարկիչներ 200 կվտ եւ բարձր ջերմային հզորության սպառում ունեցող սարքավորումների համար, սակայն այս նախագծի շրջանակներում  նախատեսում ենք անել հետազոտություններ ու մշակումեր նաեւ ավելի ցածր հզորության սարքերի համար նախատեսված փոխարկիչներ պատրաստելու համար, ինչը էապես կընդլայնի սարքերի շուկան, քանի որ այդ դեպլում սարքի գնորդներ կարող են հանդիսանալ առանձին բնակարանների գազ սպառողները:

 

Սարքի գինը առաջին հերթին կախված է նրա հզորությունից: Մենք նախատեսում ենք սարքը վաճառել այնպիսի գներով, որ այն չգերազանցի  ՀՀ –ում գործող գներով  մետ տարվա ընթացքում տվյալ ջերմային հզորության ստանալու համար ծախսվող գազի արժեքի կեսից: Հետեւաբար մեր սարքի պոտենցիալ գնորդը, գնելով մեր սարքը, առաջին տարվա ընթացքում  իր նախատեսածից ավելի ծախս չի անի, իսկ երկրոդ տարվանից սկսած կխնայի նախորդ տարիներին գազի գնման համար նախատեսված գումարի անվազն 40 տոկոսը:

Այս հանգամանքը ցույց է տալիս, որ առաջիկա տարիներին մեր փոխարկիչ սարքավորումների վաճառքի հետ կապված պահանջարկի բարդություններ չեն լինի: Միեւնույն ժամանակ մեր թիմից կպահանջվի ընդլայնել արտադրական կարողութունները` կանխատեսելի աճող պահանջարկը բավարարելու համար եւ մտածել նմանատիպ սարքավորումների արտադրության գործարան ստեղծելու մասին:

ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ

Առավել վտանգավոր ռիսկային գործոններն են.

  • Ոչ շուկայական մրցակցության հնարավոր ռիսկը` ապօրինաբար կրկնօրինակված սարքերի ոչ լիցենզիոն արտադրությունն է եւ վաճառքը: Այս ռիսկը մասամբ չեզոքանում է այն հանգամանքով, որ  մեր թիմի  կողմից առաջարկվող սարքավորումն ու տեխնոլոգիան պաշտպանված է պատենտով (ՀՀ Արտոնագիր 2417 A – 25.02.2013 թ.),  եւ ապօրինություններից կարելի է պաշտպանվել իրավական ճանապարհով:
  • ածխաջրածինների արդյունահանմամբ եւ վաճառքում մասնագիտացած որոշ էներգետիկ կորպորացիաների եւ որոշ ածխաջրածիններ արդյունահանող երկրների պետական կառույցների հնարավոր բացասական տրամադրվածությունը այս նորարարության նկատմամբ, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ այդ երկրներում փոխարկիչ սարքերի վաճառքը կազմակերպելիս: Այս ռիսկը կարելի է չեզոքացնել  առաջին հերթին դուրս գալով դեպի այն երկրների շուկաները, որոնք չունեն գազի սեփական պաշարներ եւ շահագրգռված են բնական գազի մատչելիությամբ:
  • Սարքավորումների պոտենցիալ պատվիրատուների մոտ տեխնիկական, շահագործման հետ կապված հնարավոր խնդիրների առաջացումը: Այս ռիսկը կարելի է չեզոքացնել հաճախորդների սպասարկման ստորաբաժանման ստեղծման միջոցով, եթե դրա կարիքը իհարկե զգացվի:
  • Սարքավորումների էներգախնայողության և արդյունավետության վերաբերյալ իրազեկության և տեղեկատվության պակաս: Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է իրականացնել իրազեկության բարձրացման միջոցառումներ՝ հեռուստատեսության և ԶԼՄ այլ միջոցների օգնությամբ՝ այդ թվում գովազդային տեսահոլովակներ: Առավել խոշոր պոտենցիալ սպառողների համար կիրականացվեն տեխնոլոգիայի ցուցադրական միջոցառումներ և համառոտ դասընթացներ:

ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄԸ

Գազի փոխարկիչ սարքավորման արժեքը կախված է ինչպես արտադրության ձեւից,  (հատով կամ կոնվեերային), այնպես էլ սարքավորման  հզորությունիցեւ ֆունկցիոնալ նշանակությունից: Մեր հաշվարկներով, անհրաժեշտ է ելնել բազային գնից՝ $150 1 ԿՎ/ժ ջերմային հզորության համար, սակայն գինը կարող է լինել զգալիորեն ցածր` առավել մեծ հզորություններ ունեցող սարքավորումների պատրաստման դեպքում ( 50-2000 ՄՎ/ժ):

ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Ներդրումային ծախսերի ձեւավորման հիմնական ուղղություններն են.

1. Սկբնական շրջանառու միջոցներ
2. Տարբեր հզորությունների փորձնական-արտադրական սարքավորումների ստեղծում:
3. Կոնսալտինգային ծառայություններ, ինժեներական փաստաթղթերի պատրաստում եւ սարքավորումների սերտիֆիկացում:
4. Սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ հիմնական տեխնոլոգիական սարքավորումների գնում:
5. Սարքավորումներ արտադրող գործարանի շենքի կառուցման կամ վերակառուցմանը ուղղված ծախսեր:
6. Շինարարական եւ մոնտաժային աշխատանքներ:
7. Մարքեթինգ: Առաջխաղացում:
8. Այլ ծախսեր:

Ամսեկան 20 Մեգավատ գումարային հզորությամբ սարքավորումների պատրաստման պարագայում (200 կվտ մինչեւ 20000 կվտ հզորությամբ 10-20 սարքավորում)անհրաժեշտ են կատարել հետեւյալ ծախսերը (կոպիտ, մոտավոր հաշվարկ):

1. Կատալիզատորի նյութերի գնում եւ սինթեզ $ 250000
2. Մետաղական կոնստրուկցիաների գնում եւ պատրաստում $50000
3. Աշխատավարձ եւ այլ վճարումներ (մոտ 10 աշխատողի հաշվարկով) $ 50000
4. Գիտահետազոտական աշխատանքներ եւ սարքերի կատարելագործում $50000

Ընամենը ամսեկան` $ 400000

Ամսեկան 20 Մեգավատ գումարային հզորությամբ սարքավորումների պատրաստման պարագայում (400 կվտ մինչեւ 20000 կվտ հզորությամբ 10-20 սարքավորում) վաճառելու պարագայում, եթե ելնում ենք 1 կիլովատը $ 50 գնից, ամսեկան մուտքը կկազմի մեկ միլիոն ԱՄՆ դոլար (20 000 x $ 50= $ 1 000 000):

ԱՄՓՈՓԱԳԻՐ

  • • Ոլորտի զարգացման միտումների վերլուծությունը ապացուցում է տվյալ նախագծի ակտուալությունը եւ էներգիախնայողական, էկոլոգիապես մաքուր եւ ոչ ծախսատար սարքավորումների օգտագործման հարցում շուկայի պատրաստ լինելու հանգամանքը:
    • Բնական գազի փոխարկիչները կարող են գործնականում կիրառվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում` թե տնտեսական եւ թե էկոլոգիական հսկայական դրական էֆեկտով:
    • Նախագծի հիմնական ներդրումները ծախսվում են սարքավորումների արդտադրության կազմակերպման վրա: Ներդրումների ընդհանուր ծավալը սկզբնական փուլում կազմում է քիմիական եւ մեխանիկական արտադրամասեր եւ ամսեկան 10-20 սարքավերման պատրաստման թողունակություն ունեցող գործարանի կառուցելու մեջ, որի հաշվարկը դեռեւս արված չի:
    • Նախագիծը գրավիչ է եւ շահեկան ինչպես արտադրողի, այնպես էլ ներդրողի համար իր բարձր եկամտաբերությամբ եւ արագ ծախսածածկմամբ:
    • Նախագծի հիմնական ռիսկը ոչ շուկայական մրցակցության հնարավորությունն է, ապօրինաբար կրկնօրինակված ոչ լիցենզիոն փոխարկիչ սարքավորումների վաճառքը:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=11&lang=hy

Leave a Reply

Your email address will not be published.