Արտեմ Միկոյան

Ճարտարագետ
Ծնվել է՝ 05/08/1905 – Մահացել է՝ 09/12/1970

ՄԻԿՈՅԱՆ Արտեմ Հովհաննեսի [23.7(5.8). 1905, գ. Սանահին (այժմ՝ ՀՀ Ալավերդի քաղաքի շրջագծում) – 9.12.1970, Մոսկվա], ավիակոնստրուկտոր: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1959), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ՝ 1953-ից), ճարտարագիտատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ (1967), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956, 1957): Ա. Ի. Միկոյանի եղբայրը: Ավարտել է Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան (1936): 1940–70-ին՝ ինքնաթիռաշինության փորձարար ԿԲ հիմնադիր-պետ (կոչվել է Միկոյանի անունով):

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Միկոյանի (Գուրվիչի հետ) ղեկավարությամբ են ստեղծվել ՄիԳ–1, ՄիԳ–3 կործանիչները, ԽՍՀՄ առաջին հրթիռակիր ՄիԳ–19, եռանկյուն թևով ՄիԳ–21, փոփոխելի սլաքաձև թևով ՄիԳ–23 գերձայնային կործանիչ ինքնաթիռները: Միկոյանը ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից է: Միկոյանի գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել են 55 համաշխարհային ռեկորդներ, որոնց զգալի մասը դեռևս մնում է չգերազանցված: ՄիԳ մակնիշի (բազմաթիվ ձևափոխություններով) ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներն ամենալայն կիրառումն ունեն աշխարհում (կառուցվել է այդ մակնիշի մոտավորապես 60 հազար ինքնաթիռ և արտահանվել աշխարհի շուրջ 40 երկիր): Միկոյանի անվան փորձարարական ԿԲ-ում (այժմ՝ Միկոյանի անվան ճարտարագիտական կենտրոն) մշակվել է ինքնաթիռների շուրջ 200 նախագիծ, ստեղծվել ավիացիոն և հատուկ տեխնիկայի ավելի քան 120 նմուշ:

Լենինյան (1962) և ԽՍՀՄ Պետական (1941, 1947, 1948, 1949, 1952, 1953) մրցանակներ:
ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1950–70):
Միկոյանի անունով են կոչվել Մոսկվայի մեքենաշինական գործարանը և փողոց Երևանում:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1587&lang=hy